Հյկական ծիսական տիկնիկ՝ Նուրի կամ Անձրևի հարս
Հայերը պատրաստել են նաև տիկնիկներ, որոնք կապված են եղել անձրևի և երաշտի հետ: Տարբեր գավառներում նրանք տարբեր անվանումներ ունեին, բայց ամենատարածված տարբերակը Նուրին էր կամ Անձրևի հարսը (Թերափ,Խուճուրուրուկ, Չիչի մամա, Մամա չթթիկ, Չամչա խաթուն, Ալլապիտիկ և այլն) :Նուրին երաշտի ժամանակ հայ գյուղացու միակ փրկությունն էր: Նա հայտնվում էր Ծաղկազարդ տոնին և երաշտ եղած ժամանակ: ժողովրդական պատկերացումների համաձայն` Նուրին սիրունիկ էր ու խատուտիկ, ծաղկազարդ ու գեղեցիկ: Նուրիի աչքերից էին ծնվում շաղն ու ցողը, անձրևի կաթիլները: Նա բարեսիրտ է ու գթառատ: Երբ մարդ ու անասուն տառապում են ջրի սակավությունից, Նուրին արտասվում է և նրա արցունքներով թրջված հողն ու արտերը կենդանանում են, ծիլ ու ծաղիկ տալիս տալիս: Նուրիի շապիկը լուսակերտ էր ու նկարազարդ, իսկ նրա մեջքի գոտին ծիածանն էր: Հայոց բոլոր գավառներում աղջիկների ու տղաների խմբերը ցախավելից կամ փայտից էին պատրաստում Նուրիին: Այն կնոջ կերպարանքով էր, գունավոր գոտիով, լաչակով, դեմքը` սպիտակ լաթով, աչք-ունքով, քիթ-բերանով: Նուրիի գլխին ծաղկեպսակ էին դնում և ամբողջությամբ զարդարում ծաղիկներով: Աղջիկ երեխաները` հին շորեր հագած, երգելով ու պարելով, պտտեցնում էին Նուրին տուն առ տուն և տիկնիկի համար ալյուր, ձու և այլ մթերքներ հավաքում: Պատուհաններից ու դռներից անընդհատ ջուր էին լցնում Նուրիի վրա: Երեխաները հավաքած բարիքներով կամ խնջույք էին անում կամ էլ վաճառում էին դրանք և ստացած փողերով դարբնին պատվիրում էին մետաղյա մի տիկնիկ պատրաստել, որը թողնում էին գյուղի սրբավայրում: Նուրիին ուղեկցող ծեսը կարևոր էր հայ գյուղացու համար: Նույնիսկ մեր օրերում այն չի մոռացվել և գործում է որոշ գյուղերում:
Աղջիկների համար հատուկ հետաքրքրություն էին ներկայացնում այն տիկնիկները, որոնք հարսանիքից մի քանի օր առաջ թաքուն պատրաստում էր հարսնացուի տատիկը կամ մայրը: Տիկնիկը օժիտի բաղկացուցիչ մասն էր կազմում: Այն հաճախ ունենում էր հղի կնոջ տեսք, մեկ կամ 2 ոտքով: Վերջիններս պատրաստում էին եղջյուրից: Քանի որ տիկնիկը թաքուն էին պատրաստում, ասում էին, թե իբր այն փեսացուի տան աղջիկ անդամներից մեկի համար էր: Օժիտը տանելուց հետո ևս աշխատում էին այն թաքուն պահել` չար աչքից հեռու: Այն ոչ մեկի ցույց չէին տալիս և պահում էին անկողնու ծալքերում: Տիկնիկի տիրուհին շատ զգույշ էր վարվում նրա հետ, հանում էր, գուրգուրում, զրուցում հետը: Այն փոխանցվում էր մորից ավագ աղջկան: Տիկնիկը հարսնացուի համար խորհրդատու և զրուցակից էր հանդիսանում: Այս ծիսական տիկնիկի պատրաստման ժամանակ հետևում էին, որ ամեն ինչ «տեղը տեղին» լինի` ձեռքերն ու ոտքերը, աչքերը, հոնքերը, քիթը, շորերը: Ժողովրդական պատկերացումների համաձայն, եթե տիկնիկն ունի աչքեր, քիթ ու բերան, ապա նա շնչավոր, կենդանի էակ է: Հայկական բանահյուսության մեջ տեսնում ենք, որ, պատկերացումների համաձայն, փայտե տիկնիկները կարող էին կենդանանալ և օգնել իրենց տերերին: Երբ երիտասարդ ընտանիքն առանձնանում էր իր գերդաստանից, հարսն անպայման իր հետ վերցնում էր այս տիկնիկին: