April 25

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ ԿԱՏՈՒՆ

Մի անգամ Հռոմից դեպի Բոլոնիա ուղևորվող գնացք մտավ մի կատու:
Ընդհանրապես գնացքներում կատուներ այնքան էլ հազվադեպ չեն հանդիպում։ Ճիշտ է,
նրանք հիմնականում նստում են զամբյուղի կամ տուփերի մեջ, որոնք ծակծկում են, որ կատուները չխեղդվեն: Գնացքներում երբեմն նույնիսկ թափառաշրջիկ կատուներ են հանդիպում, և
կատուներ, որոնք ոչ մեկինը չեն, ինչպես նաև մկներ որոնելու համար պատահաբար այստեղ
մտած կատուներ… Բայց այս կատուն, ում մասին պատմում եմ, իսկական ճանապարհորդ էր և
միանգամայն ինքնուրույն էր ուղևորվում:
Նրա ուսից փաստաբանի պայուսակի նման սև պայուսակ էր կախված, բայց նա, այնուամենայնիվ, ոչ թե փաստաբան էր, այլ՝ կատու: Նա քթին ակնոց էր դրել, ինչպես կարճատես
հաշվետարը, բայց հաշվետար չէր և հիանալի տեսողություն ուներ: Նա հանրահայտ
դերասանների նման խիստ նորաձև վերարկու էր հագել և խիստ նորաձև գլխարկ դրել, բայց ոչ
թե դերասան էր, այլ՝ կատու։
Նա մտավ առաջին կարգի խցիկ և նստեց ազատ տեղում՝ պատուհանի մոտ: Խցիկում
արդեն այլ ուղևորներ կային նստած: Մի սինյորա, ով գնում էր Արեցցո՝ այցելելու քրոջը,
հարգարժան մի պարոն, ով գործերով Բոլոնյա էր գնում և մի երիտասարդը, ով գնում էր չգիտես
թե ուր։
Կատվի հայտնվելը որոշակի աշխուժություն մտցրեց ուղևորների մեջ։
Սինյորան ասաց.
– Ի՞նչ հրաշալի կատու է։ Փի՜սի-փի՜սի-փի՜սի… Դու մեծի նման բոլորովին մենակ ես
ճանապարհորդում, հա՞…
Հարգարժան պարոնն ասաց.
– Հուսանք, որ նրա վրա լվեր չկան։
– Մի՞թե չեք տեսնում, թե որքան մաքուր է,- նկատեց սինյորան։
– Հուսանք… Բայց, հարգարժան սինյորա, ի դեպ ես ալերգիա ունեմ կատուներից: Հուսանք,
որ գրիպ չեմ հիվանդանա:
– Բայց չէ՞, որ նա գրիպով հիվանդ չէ, ի՞նչից եք վախենում։
– Ինձ, հարգարժան սինյորա, վարակում են նույնիսկ նրանք, ովքեր հիվանդ չեն։
– Փի՜սի-փի՜սի-փի՜սի… Դու երևի քո տիրուհու համա՞ր ես տեղ պահել, հա՞։
– Մյա՜ու։
86
– Ի՞նչ հաճելի ձայն ունի։ Հետաքրքիր է, թե ի՞նչ ասաց։
Այստեղ առաջին անգամ խոսեց երիտասարդը.
– Նա ասաց, որ տիրուհի չունի, որ ինքը միանգամայն ազատ կատու է և, բացի այդ,
արքայական ծագում ունի։
– Ի՞նչ հետաքրքիր է։
– Ավելի ճիշտ կլիներ ասել՝ թափառաշրջիկ կատու է,- անբարյացակամորեն նկատեց
հարգարժան պարոնը:- Հուսանք, որ ինձ մոտ կապույտ հազ չի սկսվի:
– Կապույտ հա՞զ,- զարմացավ սինյորան,- բայց կատուները կապույտ հազով չեն
հիվանդանում:
– Ես, հարգարժան սինյորա, մանուկ ժամանակ այդ հիվանդությամբ չեմ վարակվել։ Իսկ
դուք պիտի իմանայիք, որ մեծերի համար այն ավելի վտանգավոր է:
Այդ ժամանակ գնացքը շարժվեց, և խցիկ մտավ հսկիչը։
– Ձեր տոմսերը, պարոնա՛յք։
Սինյորան բացեց պայուսակը.
– Ա՜խ, ո՞րտեղ եմ ես դրել այդ տոմսը… Սպասե՛ք, գուցե այստե՞ղ է… Այո՛, այո՛, փա՜ռք
Աստծու:
– Շնորհակալ եմ, սինյո՛րա, իսկ կատվի՞նը։
– Բայց դա իմ կատուն չէ։
– Ուրեմն ձե՞րն է, պարո՛ն։
– Էդ էր մնացել պակաս,- բարկացավ հարգարժան պարոնը,- տանել չեմ կարողանում
կատուներին։ Նրանցից իմ ճնշումը բարձրանում է:
– Գիտե՛ք, նա իմն էլ չէ,– ասաց երիտասարդը,– նա ինքնուրույն է ճանապարհորդում:
– Բայց նա պիտի որ տոմս ունենա։
– Մի՛ արթնացրեք նրան, նա այնքա՜ն քաղցր է քնած։ Այնքա՜ն լավն է, տեսեք՝ ինչ գեղեցիկ
մռութիկ ունի։
– Ինչպիսին էլ լինի նրա մռութը, բայց ես պետք է նրա տոմսը դակեմ։
– Փի՜սի-փի՜սի-փի՜սի,- ձայն տվեց սինյորան։- Կատվի՛կ, սիրելի կատվիկ, արթնացի՛ր,
տե՛ս, թե ով է եկել…
Կատուն բացեց սկզբում մի աչքը, հետո՝ մյուսը և ասաց.
– Մյա՜ու, մյա՜ու։
87
– Դեռ դժգոհում է,– փնթփնթաց հարգարժան պարոնը: Գրողը տանի, նրան հավանաբար
ննջախցիկ է պետք…
– Ոչ մի նման բան,– բացատրեց երիտասարդը,– նա ասաց. «Ներեցե՛ք, ես ննջել էի…»:
– Ննջել էիր, հա՞։
– Հա՛, երևում է նա սիրում է նրբաճաշակ ոճով խոսել։
– Մյա՜ու, մյա՜ու,- նորից խոսեց կատուն:
– Իսկ հիմա ի՞նչ ասաց,- հետաքրքրվեց սինյորան։
– Ասաց. «Խնդրե՛մ, ահա՛ իմ տոմսը»,- թարգմանեց երիտասարդը:
– Իսկ դուք ինչպես հարկն է ստուգեք,- հսկիչին խորհուրդ տվեց հարգարժան պարոնը,- թե
չէ լինում են նաև այնպիսի անամոթ ուղևորներ, որոնք երկրորդ կարգի տոմսով առաջին կարգով
են երթևեկում։
– Տոմսը կարգին է, սինյո՛ր։
– Մյա՜ու, մյա՜ու,- բարձրաձայն խոսեց կատուն:
– Նա ասաց,- բացատրեց երիտասարդը,- որ թերևս պետք է նեղանար ձեզանից ձեր
դիտողությունների համար, բայց չի անում՝ հարգելով ձեր ճերմակ մազերը։
– Ճերմակ մազե՞ր, բայց ես մազ չունեմ, ես ճաղատ եմ:
– Մյա՜ու, մյա՜ու։
– Նա ասում է, որ շատ լավ է տեսնում, բայց եթե մազեր ունենայիք, դրանք ճերմակ կլինեին։
Սինյորան հոգոց հանեց.
– Կեցցե՛ք, որ հասկանում եք կատուների լեզուն։ Դա ինչպե՞ս է ձեզ հաջողվում։
– Դա դժվար չէ։ Պետք է պարզապես շատ ուշադիր լինել։
– Մյա՜ու, մյա՜ու։
– Ո՞րքան կարելի է շատախոսել,- փնփնթաց հարգարժան պարոնը,- մի րոպե անգամ չի
կարողանում լռել։
– Իսկ հիմա՞ ինչ ասաց, ի՞նչ ասաց,- նորից խոսեց սինյորան:
– Նա հարցրեց՝ թույլ չէի՞ք տա ծխել,- թարգմանեց երիտասարդը:
– Այո, իհա՛րկե, իհա՛րկե։ Վա՜յ, տեսե՛ք, նա ինձ էլ է ծխախոտ առաջարկում։ Իսկական
ծխողի նման։
– Եթե ծխում է, ուրեմն հենց ծխող է որ կա,- փնթփնթաց հարգարժան պարոնը։- Ձեր
կարծիքով նա առյուծների որսո՞րդ պիտի լիներ, ինչ է։
– Մյա՜ու, մյա՜ու։
88
– Նա ասաց՝ «Ի՜նչ լավ եղանակ է այսօր։ Իսկ երեկ այնքան գորշ օր էր: Հուսանք, որ վաղն էլ
այսօրվա պես լավ եղանակ կլինի: Դուք հեռո՞ւ եք գնում, սինյորներ։ Իսկ ես Վենետիկ եմ գնում
ընտանեկան գործերով»:

Առաջին ավարտ
Պարզվեց՝ երիտասարդը, որը չգիտես, թե ուր էր գնում, որովայնախոս էր, ձեռնածու և
աճպարար, և այս ամենը նրա սարքած գործերն էին:

Եկրորդ ավարտ
Պարզվեց, որ նա ամենևին էլ իսկական կատու չէր, այլ՝ ռոբոտ. շատ թանկարժեք, շքեղ
խաղալիք, որը վաճառքի կհանվի միայն Նոր տարուց առաջ:

Երրորդ ավարտ
Այսպիսի կատու, իհարկե, չկա և երբեք էլ չի եղել: Բայց ի՜նչ հրաշալի կլիներ, եթե մենք
երբևիցե իրականում սովորեինք խոսել կենդանիների հետ: Եթե ոչ բոլորի, ապա գոնե
կատուների հետ:

Չորորդ ավարտ
Կատվին և մարդուն ավելացավ մի ուրիշ տարօրինակ կատու, որին նրանք չէին ճանաչում։ նրանք որոշեցին նրան հարցեր տալ, և այդ հարցերից մեկը՝ թե ինչպես գտնեն ճիշտ ճանապարհը։ Կատուն օգնեց նրանց, նրանք ընկերացան, և շարունակեցին ճամփորդել։


Posted April 25, 2023 by grigorbaghdasaryan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*