February 13

Իմ տերյանական բառարան

Թողի երկիրն իմ հայրենի

Թողի երկիրն իմ հայրենի,

Անահ անցա Արաբ ու Հինդ,

Տեսա մարդիկ չորսգլխանի,

Տեսա հազար աղետ ու խինդ։

Հասա մինչեւ Չինումաչին,

Հասա մինչեւ ծովը Ճերմակ,

Տեսա երկրի ծայրը վերջին

Եվ դրախտի դուռը կրակ։

Հազար անգամ ծագեց Արև

Եվ մայր մտավ հազար անգամ,

Տեսա ծառեր հըրատերև,

Տեսա ակունքն արեգական

Եվ փերիներ քնքուշ ու սև,

Աչքերը բոց, իրենք խավար,

Եվ փերիներ տեսա թեթև

Փրփուրի պես ճերմակ ու վառ…

Բոլորը ծուխ, բոլորն ավազ,

Բոլորն ավար ջուր ու քամուն.

Չըկա քեզնից գերիչ երազ,

Քո անունից անուշ անուն…

Անահ – Քաջ

ավար – Պատերազմի ժամանակ թշնամուց գրավված ամեն ինչը

գերիչ – գերի վերցնող

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,

Բոլորն առաջվանն է կրկին,

Նորից դու հին տեղը նստում,

Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,

Մանում ես անվերջ ու արագ,

Սիրում եմ պարզկա քո լեզուն,

Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր

Գլուխըս ծնկիդ է թեքվում,

Նորից ես մանուկ եմ այսօր,

Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,

Գետից բարձրանում է մշուշ,

Հեքիաթըդ անվերջ օրորում,

Իլիկըդ խոսում է անուշ…

պարզկա – անամպ և ցուրտ

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Հայտնություն

Գարնան երգով դու եկար.

Փայլով, փառքով ու շուքով,

Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր

Արևավառ քո սրով,

Սև օրերըս այրեցիր

Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,

Սիրտըս թույլ էր ու տկար,—

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար…

մեգով – Երկրի վրա իջած մառախուղի թանձր շերտ

February 13

Իմ թումանյանական բառարան

Պատրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

կուսական – Կույսին հատուկ

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Գահը – Թագավորական զարդարուն բարձրադիր աթոռ

հողմի – Ուժեղ քամի

հալածական – հալածվող